Արքայազն Բալթազար Կառլոսի դիմանկարը թզուկի հետ (նկար)
Արքայազն Բալթազար Կառլոսի դիմանկարը թզուկի հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դիեգո Վելասկես |
տարի | մոտ 1631 |
բարձրություն | 128 սանտիմետր[1] |
լայնություն | 101,9 սանտիմետր[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Բոստոնի գեղարվեստի թանգարան |
հիմնական թեմա | Balthasar Charles? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/velazque/03/0305vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/03/0304vela.html կայք | |
Ծանոթագրություններ | |
El príncipe Baltasar Carlos con un enano (Velázquez) Վիքիպահեստում |
Արքայազն Բալթազար Կառլոսի դիմանկարը թզուկի հետ (իսպ.՝ El príncipe Baltasar Carlos con un enano), իսպանական գահաժառանգի դիմանկարներից մեկը, որի հեղինակը Դիեգո Վելասկեսն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իր մանկահասակ տարիքին` արքայազնը պատկերված է վեհաշուք դիրքով` հանդիսավոր դիմանկարի բոլոր կանոններին համապատասխան։ Նրա հագուստն ընդգծում է սոցիալական բարձր դիրքը։ Արքայազնը հագել է մ��ւգ կանաչ, ոսկեթել զինվորական շորեր, վառ կարմիր ուսագոտիով և Վան Դեյքի ոճին բնորոշ ասեղնագործ օձիքով[2]։ Մի ձեռքով նա պահում է մարշալի գավազան, մյուս ձեռքը դրված է թրի բռնակին։ Կողքին` բարձի վրա, դրված է գլխարկ` շքեղ փետուրով։ Այս բոլոր պարագաները բնորոշ են գեներալին։ Արքայազնի մոտ պատկերված թզուկը (պարզ չէ` այն աղջի՞կ է, թե՞ տղա) ձեռքին ունի խնձոր և զանգուլակ, որով հակադրվում է ամենազոր կայսրության գահաժառանգին, ով սովորական մանկական խաղալիքների կարիք չունի։ Երկուսն էլ կանգնած են գորգին, հետևի ֆոնը ձևավորված է կարմիր դիպակով, ինչը նույնպես հանդիսավոր դիմանկարի արտահայտություն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազն Բալթազար Կառլոսը ծնվել է 1629 թվականի հոկտեմբերի 17-ին Մադրիդում, մահացել է 1646 թվականի դեկտեմբերի 9-ին Սարագոսայում։ Նկարում առկա է մասամբ ջնջված մակագրություն` «Aetatis AN… / MENS 4», որը թույլ է տալիս ենթադրել, որ դիմանկարը նկարվել է, երբ արքայազնը եղել է մեկ տարեկան չորս ամսական, այսինքն` 1631 թվականի մարտին[3]։
Համաձայն նկարչի առաջին կենսագիր Ֆրանսիսկո Պաչեկոյի` Իտալիա կատարած իր առաջին ճանապարհորդությունից հետո «Վելասկեսը մեկուկես տարվա բացակայությունից հետո Մադրիդ է վերադարձել 1631 թվականի սկզբին[4]։ Նա շատ լավ ընդունելության է արժանացել կոմս-հերցոգ Գասպար դե Գուսման Օլիվարեսի կողմից, ով հրամայել է նրան գնալ ու համբուրել Նորին մեծություն արքա Ֆիլիպ IV-ի ձեռքը ձեռքը այն բանի համար, որ նա ուրիշ նկարիչ չի հրավիրել` գերադասելով սպասել նկարչի վերադարձին արքայազնի դիմանկարը նկարելու համար, ինչին էլ Վելասկեսն անմիջապես ձեռնամուխ է եղել»։ Ենթադրաբար խոսքը հենց այս նկարի մասին է, սակայն քանի որ կենսագիրը չի հիշատակում թզուկի մասին, որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ խոսքը մեկ այլ նկարի մասին է, որը գտնվում է Ուոլեսի հավաքածուում. այնտեղ արքայազնը մենակ է պատկերված։ Սակայն այդ նկարում արքայազնը երեք տարեկան է, այնպես որ այն չի կարող լինել նրա առաջին նկարը[5]։
Ջոնաթան Բրաունը և Ջ. Գ. Էլիոթը կարծում են, որ դիմանկարում արքայազնի հագուստը նման է գրավոր աղբյուրի հիշատակությանը նրանով, որ հագուստը նա հագել է Կորտեսում հանդիսավոր երդման ժամանակ, որը կայացել է 1632 թվականի մարտի 7-ին Սան Խերոնիմոյում[6]։ Այդ պատճառով նրանք ենթադրում են, որ նկարը նկարվել է, երբ արքայազնը եղել է մոտավորապես 2.4 տարեկան և ոչ թե 1.4: Այն, որ թզուկը ձեռքին ունի խնձոր և զանգուլակ, նրանք գնահատում են որպես թագավորական խորհրդանիշերի` իշխանության և գայիսոնի սիմվոլիկ արտահայտություն։
Խոսե Կամոն Ազնարը նշել է, որ թզուկի հագուստը, որը ներառում է մանյակ, բնորոշ է կանանց[3][7]։ Բրաունը չի ժխտում այս վարկածը[8]։ Ավանդաբար թզուկին նույնացնում են «Վալյեսկասի մանուկ» մականունով Ֆրանսիսկո Լեսկանոյի հետ (նա պատկերված է նաև Վելասկեսի «Խեղկատակներ» շարքում). այս տեսակետն առաջ է քաշել Մորենո Վիլյան, ով ենթադրել է, որ այդ դեպքում նկարը ստեղծվել է 1634 թվականին, երբ Լեսկանոն ծառայության է անցել արքայազնի մոտ։ Սակայն քանի որ նկարն ակնհայտորեն ստեղծվել է նրա նշած տարեթվից առաջ, ուրեմն թզուկը չի կարող լինել Լեսկանոն։ Նրա դինամիկ դիրքը Պանտորբային հանգեցրել է այն մտքին, որ նա նկարում ավելացվել է հետագայում[9]։
Խուլիան Գալիեգոն ժամանակագրության համընկնման այս հարցը լուծելու նպատակով առաջ է քաշում, ինչպես ինքն է նշում, «ռիսկային գաղափար», որ նկարը պատկերված է Վելասկեսի նախընտրած ժանրում` «նկար նկարի մեջ»։ Այսինքն` թզուկը պատկերված է թզուկի հանդիսավոր դիմանկարի ֆոնին, իսկ գորգի գիծը իրական աշխարհի ու հետնանկարի սահմանն է։ Սա նրա կարծիքով բացատրում է «ոճական տարբերությունը, որի պատճառով, ինչպես նկատում է Պանտորբան, նկարը կարող է դիտարկվել որպես վիզուալ խաղ և ժամանակի ստեղծագործական նորարարություն, ինչն այնքան սիրում էր Վելասկեսը, և որը իրական ու պատկերված աշխարհի շփոթմունք էր առաջացնում»[5]։
Նկարն ակնհայտորեն ստեղծվել է իսպանական (կամ ավստրիական) արքայական պալատի համար, սակայն նրա ճակատագրի մասին չի պահանվել տեղեկություն մինչև 1769 թվականը, երբ նկարի մասին առաջին հիշատակությունն է արվում այն առիթով, որ իտալական Պարմա քաղաքում Հենրի Հովարդը (4-րդ կոմս Կառլայլ) ձեռք է բերել նկարը։ Հովարդի ամրոցում այն պահվել է մինչև 1900 թվականը, երբ Ջորջ Ջեյմս Հովարդը (9-րդ կոմս Կառլայլ) վաճառել է այն։ Նկարը վաճառվել է 80.000 դոլարով և 1901 թվականին հայտնվել է Բոստոնի գեղարվեստի թանգարանում[10]։
Մինչև 19-րդ դարը համարվում էր, որ նկարի հեղինակը Կարավաջոն է, և այն պատկերում է Պարմայի հերցոգներից մեկին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.mfa.org/collections/object/don-baltasar-carlos-with-a-dwarf-31124
- ↑ Так тщательно, что несвойственно Веласкесу, выписанный, что Беруете подозревал в вышивке позднее добавление, однако радиографические исследования доказали, что она была написана сразу (Trapier, Elizabeth du Gue. Velazquez. New York, I948, p. 171).
- ↑ 3,0 3,1 López-Rey, José. Velázquez: catalogue raisonné : [фр.]. — Köln : Benedikt Taschen, 1996. — 589 p. — (Jumbo Series). — ISBN 3822886572.. Стр. 122
- ↑ Pacheco, Francisco. Arte de la pintura, su antigiiedad y grandezas. 1,8
- ↑ 5,0 5,1 Antonio Domínguez Ortíz, Alfonso E. Pérez Sánchez, Julían Gállego. Velázquez , exhibition catalog from The Metropolitan Museum of Art. P. 166—171
- ↑ Brown, Jonathan. Velazquez: Painter and Courtier. New Haven and London, I986. pp. 81, 83
- ↑ Camon Aznar,Jose. La pintura espanola del sigloXVII. Summa Artis 25. Madrid, I978, p. 437
- ↑ Brown. Ibid, p. 290 n. 31
- ↑ Pantorba, Bernardino de. La vida y la obra de Velazquez: estudio biograficoy critico. Madrid, I9SS• p. 106
- ↑ 10,0 10,1 «Don Baltasar Carlos with a Dwarf» (անգլերեն). Museum of Fine Arts, Boston. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mayer, August L. Velazquez: A Catalogue Raisonni of the Pictures and Drawings. London, 1936. № 209.
- Curtis, Charles B. Velazquez and Murillo: A Descriptive and Historical Catalogue. New York, I883. № 149
- Lopez Rey,Jose. Velazquez: A Catalogue Raisonne of His Oeuvre, with an Introductory Study. London, 1963. № 302
- Pantorba, Bernardino de. La vida y la obra de Velazquez: tstudio biograficoy critico. Madrid, 1955. № 42
- Gudiol,Jose. Veldzquez, 1599-166o: Historia de su vida, catalogo de su obra, estudio de Ia evolucion de su ticnica. Barcelona, I 97 3. № 66,
- Bardi, P.M. Tout l’oeuvre peint de Velazquez. Introduction by Yves Bottineau. Paris, I969. № 45
- Antonio Domínguez Ortíz, Alfonso E. Pérez Sánchez, Julían Gállego. Velázquez , exhibition catalog from The Metropolitan Museum of Art. P. 166—171. № 21